Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ֆրանսիան վերադառնում է համաշխարհային խաղի կենտրո՞ն

Ֆրանսիան վերադառնում է համաշխարհային խաղի կենտրո՞ն
15.07.2017 | 01:35

Դոնալդ Թրամփի հետ նույն տրիբունայում հայտնվելով հուլիսի 14-ին Նիկոլա Յուլոն դառը հաբ պետք է կլլեր: Վերջերս Ֆրանսիայի բնապահպանության նախարարը ԱՄՆ նախագահին մեղադրում էր աջակցության մեջ «մարդկության դեմ հանցագործությանը»՝ կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից դուրս գալու համար, բայց հիմա նա պետք է իրեն ավելի համեստ պահի: Մոռացե՞լ է Դոնալդ Թրամփը Էմանուել Մակրոնի հետ բրյուսելյան ձեռքսեղմումը և տեսաուղերձը, որով նա ձևափոխել էր իր կարգախոսը «Վերստին մեծ դարձնենք մեր մոլորակը»: Հազիվ թե: Ֆրանսիան Ամերիկայի ամենահին դաշնակիցն է այն ժամանակներից, երբ մարկիզ դե Լաֆայետը դարձավ «նոր աշխարհով» ազգային հիացմունքի առաջամարտիկ: 100 տարի առաջ ԱՄՆ-ը վճռեց զորքեր ուղարկել իր ծովային իրավունքների պաշտպանությամ համար, նաև՝ աջակցելու Ֆրանսիային Գերմանիայի հետ պատերազմում: Ծանր ֆինանսական ու ռազմական վիճակում գտնվող դաշնակիցները դեմ առ դեմ մնացին կենտրոնական կայսրությունների հետ 1917-ի դեկտեմբերի 15-ի գերմանաբոլշևիկյան հաշտությունից հետո: Փարիզը Առաջին համաշխարհային պատերազմը սկսեց Ռուսաստանի հետ ալյանսով, իսկ ավարտեց ԱՄՆ-ի հետ ալյանսով: Եթե չհաշվենք Շառլ դը Գոլի նախագահությունը, Ատլանտյան դաշինքը մեր արտաքին քաղաքականության ալֆան ու օմեգան է:


Համենայն դեպս, Էմանուել Մակրոնը ռիսկի էր դիմում՝ ԱՄՆ նախագահին ազգային տոնին Ելիսեյան դաշտեր հրավիրելով: Դոնալդ Թրամփը դարձել է իսկական խրտվիլակ ձախերի համար և լավագույն հեղինակությունը չունի ֆրանսիական մամուլում, իսկ նրա թիմը խրվել է անբացատրելի պատմությունների մեջ Ռուսաստանի հետ գործարքի մասին: Թրամփն ու նրա դաշնակիցները, անկասկած, դրական կգնահատեն բարդ սկզբից հետո հաշտության այդ ժեստը: Էմանուել Մակրոնը բուռն ցանկություն չունի նորից փորձելու պատասխան քայլերը, որոնց բախվեց Ֆրանսիան 2003-ի հոխորտանքից հետո: Կոնդոլիզա Ռայսը որոշեց պատժել Փարիզին Իրաքի արկածախնդրությանը մասնակցելուց հրաժարվելու համար: Ժակ Շիրակն ու Դոմինիկ դե Վիլպենը ոչ քիչ ջանքեր գործադրեցին, որ շտկեն Լիբանանի հարցով ստեղծված իրավիճակը: Վերջերս ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դրսևորած թույլ աջակցությունը G5-ի ուժերին «Սախելի» հարցում՝ առաջին նախազգուշացումն էր Մակրոնին: Ֆրանսիան բոլորովին շահագրգռված չէ բազմաբառ, բայց անիմաստ դիմակայության մեջ ինքնասիրահարված մարդու հետ, որ գլխավորում է աշխարհի ամենաուժեղ պետությունը:


Վլադիմիր Պուտինին Վերսալում հանդիսավոր ընդունելությունից հետո նկատվում է Շառլ դը Գոլի ու Ֆրանսուա Միտերանի ավանդույթներին վերադառնալու միտում: Փարիզում հանդիպում են ֆրանսիացի ու գերմանացի նախարարներ: Միտերանի արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն քաղաքականություն կար Ռուսաստանի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի մասով՝ պահպանելով չափավոր ատլանտիզմը Ռոնալդ Ռեյգանի ընկերակցությամբ, ում հասցեին այն ժամանակ կտրուկ քննադատություն էր հնչում: Նույնը տեսնում ենք հիմա:


Դոնալդ Թրամփի այցը Փարիզ՝ Նապոլեոնի գերեզմանից մինչև Համաձայնության հրապարակ և Էյֆելյան աշտարակի ռեստորան՝ թույլ կտա Ֆրանսիայի նախագահին առավել սերտ անձնական հարաբերություններ հաստատել ԱՄՆ նախագահի հետ: Ֆրանսիային պետք է վերադարձնել եվրոպացի դեսպանի դերը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում: Եթե, իհարկե, իսկական միջնորդ դառնա, ոչ թե փոստատար: Դրանից կախված է Ֆրանսիայի առաջատարությունը Եվրոպայում: Առաջիկա տարիներին Փարիզի խնդիրն է լինելու հաշտեցնել Մոսկվային ու Վաշինգտոնին, այդ թվում՝ սիրիական ու ուկրաինական հարցերում: Որպեսզի այդ դերը խաղա և Գերմանիային իրենից առաջ չթողնի, Ֆրանսիան պետք է պահպանի անկախ հարձակողական ու պաշտպանական հնարավորությունները: Մասնավորապես՝ Աֆրիկայում, որի համար շատ ջանքեր են պետք:
Ադրիեն ԴԵԶՅՈՒԵՆ, Le Figaro


Հ.Գ. Առաջին արդյունքը կա՝ Թրամփը Մակրոնին ասել է, որ ուրախ կլիներ Պուտինին Սպիտակ տուն հրավիրել, բայց դեռ ժամանակը չէ: Նաև խոստացել է վերանայել Կլիմայի հարցով համաձայնագրին իր վերաբերմունքը: Մակրոնի կնոջն էլ է հաճոյախոսել: Ամեն ինչ նորմալ է: Մնում է սպասել Անգելա Մերկելի արձագանքին: Թրամփ-Մակրոն հարաբերությունները հատկապես կարևոր են մեզ համար՝ նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահներն են և նրանց դիրքորոշումից՝ միմյանց հետ համագործակցելու ունակությունից ու ցանկությունից է կախված Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը: Բացահայտորեն՝ երկուսն էլ որոշել են իրենց երկիրը «Մեծ» դարձնել, իսկ դա միայն ներքին քաղաքականության մեջ հաջողություններով չի լինում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ